Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Բելառուսը Ռուսաստանի օրինակով կործանում է ՀԱՊԿ-ը

Բելառուսը Ռուսաստանի օրինակով կործանում է ՀԱՊԿ-ը
12.10.2017 | 23:47

Հոկտեմբերի 9-ին Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հանդիպեց Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի հետ: Կողմերը քննարկեցին ռազմատեխնիկական համագործակցության զարգացման հնարավորությունները: Բելառուսի նախագահը հատուկ նշեց, որ չի պատրաստվում «որևէ մեկի առաջ արդարանալ» Բաքվին զենք մատակարարելու համար (ակնհայտորեն խոսքը ՀԱՊԿ-ի դաշնակից Հայաստանի մասին է), քանի որ դա արգելված չէ միջազգային որևէ պայմանագրով ու պատժամիջոցով: Ի՞նչ մակարդակի վրա է երկու երկրների ռազմատեխնիկական համագործակցությունը, ի՞նչ հեռանկարներ ունի և ինչի՞ է հանգեցնելու տարածաշրջանի ու ՀԱՊԿ ռազմական դաշինքի շրջանակներում:


Ռազմատեխնիկական ռեալ համագործակցության սկիզբը Ադրբեջանի ու Բելառուսի միջև 2005-ին էր, երբ Բաքուն ստացավ առաջին Т-72 տանկերը: Այդ ժամանակից Մինսկը Բաքու է ուղարկել 153 Т-72 տանկ , 9 ինքնագնաց հրետանային 2С7 «Պիոն» համալիր` 203 մմ տրամաչափի, 152 մմ տրամաչափի Д-20 30 հաուբիցներ, Су-25 11 գրոհայիններ, «Бук-МБ» զենիթահրթիռային համակարգերի երկու դիվիզիոն, ուկրաինաբելառուսական արտադրության հակահրռթիռային «Скиф» համակարգեր: Տեխնիկայի մեծ մասը խորհրդային արտադրության էր և մատակարարվում էր պահուստից, բացառությամբ «Скифов»-ների` Մինսկի ու Կիևի համատեղ ուժերով նորացված, բայց դա էլ հարթ չէր` ուկրաինական պահեստամասերի մեջ շատ էր խոտանը, որ վերացվում էր բանակին հանձնելուց հետո: Այս գործարքների ֆինանսական մանրամասները հայտնի չեն:


Ռազմատեխնիկական համագործակցությանը զուգահեռ` Իլհամ Ալիևը պարբերաբար «փրկում է» Ալեքսանդր Լուկաշենկոյին վարկերով: Օրինակ, 2010-ին, երբ 200 միլիոն դոլար ադրբեջանական վարկով Մինսկը փակեց «Գազպրոմի» պարտքը: Հայաստանի ու Բելառուսի ռազմատեխնիկական համագործակցությունը եղել է դրվագային և շատ փոքր` 2007-ին Երևանը ստացել է 10 հատ 122-միլիմետրանոց Д-30 քարշակներ: 2016-ին Հայաստանը ցուցադրեց մի շարք ժամանակակից ռուսական զենքեր իր զինուժի կազմում, այդ թվում` օպերատիվ-մարտավարական «Искандер-Э» հրթիռային համակարգեր: Դրանից հետո ու մինչև հիմա Ադրբեջանը փորձում է պատասխան գտնել այդ զենքին: ԶԼՄ-ներում տեղեկություններ եղան և պակիստանյան բալիստիկ հրթիռների մասին, և իսրայելական: Բայց իրականությանն ամենամոտը «Полонез» ծանր հրթիռային համակարգերի գնումն է: Թեպետ Մինսկը դա ներկայացնում է սեփական մշակում, դեֆակտո չինական РСЗО A-200-ներն են` դրված Մինսկի արտադրած МЗКТ-7930 շասսիների վրա: Պաշտոնական մարտավարատեխնիկական բնութագրի համաձայն` համակարգը կարող է 200 կիլոմետր հեռահարության կրակ բացել 50 մետր հավանական շեղումով։ Որքանով է այդ դիպուկությունն իրական, դժվար է ասել: «Искандер»-ի համեմատությամբ հեռահարությունն ու ճշգրտությունը, իհարկե, քիչ է, բայց գինն էլ ցածր է: Պետք չէ մոռանալ, որ հայկական «Искандер-Э»-ն զսպիչ գործոն է` նույնիսկ եթե հակառակորդը ունի զենք, որով կարող է պատասխանել, դա չի բացառում Մինգեչաուրի հիդրոէլեկտրակայաններին ու Բաքվի նավթալցման տերմինալին հարվածը:


Հայաստանն ու Բելառուսը, ի տարբերություն Ադրբեջանի, ՀԱՊԿ անդամ են, ռազմական դաշինք, որի ռեալ առաջատարը Ռուսաստանն է: Ի տարբերություն ՆԱՏՕ-ի, ՀԱՊԿ-ում ընդհանուր ուղղվածությամբ աշխատանքներ փաստացի չկան, դաշինքի բոլոր անդամների հետ իրական կապ ունի միայն Ռուսաստանը, մյուսները շատ քիչ ընդհանուր հետաքրքրություններ ունեն, համագործակցության մակարդակը, օրինակ` Հայաստանի ու Տաջիկստանի, աննշան է: Բելառուսի ու Ղազախստանի համար Ադրբեջանի հետ հարաբերությունները շատ ավելի գերակա են, քան Հայաստանի, թեպետ երկրները պաշտոնապես դաշնակիցներ են: Հայաստանի ուղղակի հակառակորդին սպառազինության մատակարարումով Մինսկը խարխլում է ՀԱՊԿ-ը ու անիմաստ դարձնում դաշինքը: Ճիշտ է, Մոսկվան էլ վերջին տարիներին Ադրբեջանին է վաճառել վիթխարի չափերով հարձակողական զենք, որը հանգեցնում է նույն հետևանքներին, ինչ Բելառուսի գործողությունները (որը, կողմնորոշվելով Մոսկվայի քայլերով, Բաքվին զենք է վաճառում առանց վախի): Փաստացի այսօր ՀԱՊԿ-ը գոյություն ունի միայն ի հաշիվ Ռուսաստանի հետ ռազմատեխնիկական համագործակցության արտոնյալ պայմանների` իբրև ռազմական դաշինք այդ կազմակերպությունը գործնականում գոյություն չունի:
Լեոնիդ ՆԵՐՍԻՍՅԱՆ, REGNUM


Հ.Գ. ՈՒ` ի՞նչ: Փաստացի` նոր ոչինչ: Ընդամենը արձանագրում եղած վիճակի: Եզրակացությունների կարիք էլ չկա` թե ՀԱՊԿ-ը, թե ԵԱՏՄ-ն ձևական շրջանակներ են, որի կենտրոնում Ռուսաստանի հետ հարաբերություններն են: Իսկ ՀԱՊԿ-ը Ռուսաստանին պետք է միայն ձևացնելու, որ իր ձեռքի տակ ՆԱՏՕ-ին հակակշռող կառույց կա, ինչպես ԵԱՏՄ-ն ստեղծվել է ի հեճուկս ԵՄ-ի: ՈՒ բոլորն էլ ամեն ինչ գիտեն, պարզապես ընդունել են խաղի կանոնները ու խաղում են:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 3100

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ